Վաճառվում է պետություն

Վերջին 90 տարիների ընթացքում նեոլիբերալ քաղաքական ու տնտեսական միտքը աստիճանաբար քայքայեց մարդու որպես սոցիալական էակի գործառույթի նշանակությունը: Հանրային բարիքի շուրջ հանրային ու քաղաքական քննարկումների բովանդակության ու հաճախականության նոսրացումը հանգեցրեց սնանկության: Հաղթարշավի պատգամն էր «հնարավորինս շատ մարդկանց համար հնարավորինս մեծ բարիքի ապահովում» ուտիլիտարիստական հայտարարությունը: Իսկապես լավ բանաձև է թվում, սակայն այն ի սկզբանե բովանդակազուրկ է և քայքայող: Այս հայտարարության ներքո հնարավոր եղավ դնել ոչ միայն մարդուն հատուկ բնազդային շարժիչները` մաքսիմալ հաճույք և նվազագույն ցավ: Այսպես երկար ժամանակ բացատրվում էր աշխատելու շարժառիթը, որի հաճույքի հաշվին ծախսված ժամանակի փոխհատուցումը եղավ եկամուտը և էլ ոչինչ: Մինչդեռ այս տնտեսական մոդելավորման հիմքը վերջին տարիների ուսումնասիրությունների արդյունքում ևս սխալ դուրս եկավ: Պարզվեց մարդիկ աշխատում են ոչ միայն եկամուտի համար, այլև առաջին հերթին փորձում են ապահովել միջանձնային հաղորդակցությունից ստացած սոցիալական կարիքների առավելագույն բավարարում: Մեր իրականությունից վերջին լավագույն օրինակը երթուղայինների վարորդների մեծամասնության կամավոր համերաշխությունն էր հանրության հետ, երբ անգամ 200 դրամի դեպքում սպառողին էին վերադարձնում 100-ը:

Հանրության և մասնավորապես երիտասարդության հուսադրող ընդվզումը հանրային տրասպորտի սակագների թանկացման դեմ ախտորոշեց աստիճանաբար օտարվող պետության վտանգավոր մասշտաբի հասած միտումներն ու ներոլիբերալ քաղաքականության ուտիլիտարիստական մոտեցումը: Մարդը միայն անձնական շահի վրա հիմնված գործողությունների համախմբություն չէ: Նա իր մարդկային գործառույթի մեջ փնտրում է հանրային տարածքներ ու այդտեղ էլ բացասական ու դրական արժևորումների արդյունքում վերահաստատում է մարդկայինը: Հանրային բարիքի ու պետության առկայությունը անփոխարինելի են, եթե մարդը որպես կենսաբանական ամբողջություն ձգտում է նաև մաքսիմիզացնել իր վերկենսական կարողություններն ու բավարարել ոչ նյութական կարիքները:

Հայաստանում վերջին 20 տարիների ընթացքում նեոլիբերալ դավանաբանական հենք ունեցող տնտեսական էլիտան սնանկացրեց հանրային քաղաքական դիսկուրսը և բոլորին համոզեց, որ հանրային բարիքը պիտի ունենա մոնետարիզացման բարձր օգտակարության գործակից: Հակառակ դեպքում այս տարիների նրանց պնդումն էր, որ ոչ չափելի հանրային բարիքը բեռ է պետության վրա և դրանից մեկ վայրկյան շուտ պետք է ազատվել: Սկսվեց կրթական հաստատություների օտարումը` մանկապարտեզները փակվեցին ու անցան մասնավոր անձանց: Բարձրագույն կրթությունը, որպես աշխատանք ապահովող գործիք, ըստ էության ինքնաֆինանսավորվեց սովորողների կողմից: Հաջորդը կենսաթոշակային ֆոնդերն են, որոնք նորից պիտի ինքնաֆինանսավորվեն: Օտարվեցին քաղաքային մի շարք գործառույթներ` աղբահանություն, հանրային տրանսպորտ ու այլ ենթակառուցվածքներ: Անասելի արագությամբ սկսվեցին օտարվել հանրային տարածքները, մասնավորապես այգիները, որոնց համար նեոլիբերալները մոնետարիզացման տեսանկյունից այլ ավելի լավ օգտագործման տարբերակ չգտան քան դրանք քյաբաբնոցների վերածելը: Անխնա ոչնչացվեցին քաղաքի պատմամշակութային ժառանգությունը հանդիսացող, մեր ապագային վերաիմաստավորման համար անփոխարինելի, ճարտարապետական կոթողներն ու ժամանակի վկաները: Հատկանշական է, որ պետության կարիքների համար օտարված տներն ու փողոց նետված անձինք այսօր Հյուսիսային պողոտայում հանրային նշանակության ոչ մի օբյեկտ գտնել չեն կարող, եթե դա իհարկե չի բավարարում նեոլիբերալների քյաբաբնոցի նշաձողին: Ահա այսպես հանրային բարիքն ու պետական շահը ստորադասվեցին մասնավոր սեփականությանն ու անձի հաճույքի մաքսիմիզացման ու ցավի մինիմիզացման խայտառակ հիմանվորմանը: Վաճառվեց պետությունն ու մարդը գամվեց իր անասնական կարիքներին:

Leave a comment