Փնտրում եմ եկեղեցին

Լյուքս դասի «Վոլցֆագեն»: Գերմանական որակ: Անգերազանցելի ու թանկարժեք քարերի նման ժամանակի հետ ուղիղ համեմատական սլացք: Բենթլի….Բենթլի….ուֆ-ուֆ..սա ի՞նչ միտքս ընկավ: Երբեք մեքենաներ չեն հետաքրքրել, գլխումս պտտվում է…անիմաստ…

Պետրոսն էլ Հայր Կոմիտասին է փակուղային վիճակում դրել, անդադար պնդում է ու պահանջում, որ բացատրի, թե որտե՞ղ է եղեկեղին ու ինչու՞ հասարակության հետ չէ: Բան չեմ հասկանում: Չէ հասկանում եմ, ուղղակի ամեն բան խառնվել է այս պոստմոդեռնիստական շիլա փլավում: Բենթլի..Բենթլի…200000 դոլար….վատ չի, վատ չի….Բենթլի….նոր կարդացի, որ «Հանրապետության 8 մանկատներում տարեկան մեկ երեխայի հաշվարկով կատարվող ծախսը միջինում 5176 ԱՄՆ դոլար է»: Բենթլի…Բենթլի….38 որբուկ…38….3+8=11…11….Արմեն Օհանյան ականջդ կանչի 1+1 ու այդպես շարունակ…բայց դեռևս չի ստացվում, ոնց որ 1-ից մեկ հանելն ավելի  լավ ենք գլուխ բերում, հը՞….

Պետրոսը չի դադարում, ոնց որ պատիվ պահանջի…Էհ, Կոմիտաս Վարդապետ ականջդ կանչի…այսօր պատարագին քեզ կտեսնեմ նորից, կարիքդ շատ է զգացվում, այս հեղափոխական մտնոլորտում քո բացակայությունը շատ ենք զգում, այն ժամանակ Թեռլեմեզյանի, Վրացյանի ու մյուս ճեմարանականների խիղճն էիր…արյուն, արյուն….գառնուկի արյամբ մեր ականջները պարուրեցին «Սուրբ, սուրբ»-ի նախածննդոց անմեղության հարմոնիաները….«Խորհուրդ խո-րին, ան-հաս, ան—-ըսկիզբն…»

Ոնց որ 1988-ն էր, չէ, դեռ երկրաշարժ չէր եղել, ուրեմն 1987-ն էր կամ էլ դեռ դեկտեմբերը չէր…լավ չեմ հիշում, դպրոցական էի ու գիտեի, որ «Վրեմյան» ստում է… պահանջում էինք Ղարաբաղը տալ մեզ ու վերջ՛: Մաշտոցի պողոտայով չգիտեմ արդեն որերորդ անգամն էր քայլերդով գնում էինք դեպի հանրապետության հրապարակ…հիշեցի…այդ օրը մեջքով շրվեցինք օրվա իշխանությանը….բայց դա կարևոր չի….ճանապարհին մեզ զուգահեռ, բայց հակառակ ուղղությամբ մեքենաներով, 08 ու 07 հիմնականում, Բենթլի չկար, Բենթլի…Բենթլի…ուֆ-ուֆ էլի միտս ընկավ…. կիսաբաց պատուհաններով մարդիկ անհաղորդ, կամ էլ քմծիծաղկոտ հայացքով կամ էլ տարակուսած իջնողներիս էին նայում….հորս ընկերը ճանաչեց մորս ու այդ եռաթնջուկից
դուրս եկավ….«էս ի՞նչ եք ուզում»…մայրս էլ արարքի գիտակցությամբ խրոխտ ձայնով բացատրեց իր ուզածը, երևի մեր ուզածը…չգիտեմ ես լավ չէի պատկերացնում այդ ուզելը ոնց պիտի լինի, ուղղակի թուրքերին տանել չէի կարողանում, հորիցս էի ժառանգել Աթաթուրքին ու դրա տակ բոլոր թուրքերին ատելու շնորքը….հայրս մեզ հետ չէր գալիս, չգիտեմ ինչու, բայց չէր գալիս, ինչ-որ բան այնպես չէր..մայրս էլ տուն չէր գալիս….ես էլ պիտի գնայի դպրոց, չէ՞…էդ գնալ, մնալու արանքում էլ համալսարանական դասադուլավորներից ոգեշնչված դպրոցի դռներ էի բացում փորձառու գողի նման…թռանք…սեփական օրինազանցությունից արբեցած ամբողջ մի օր օպերայի հրապարակում անցկացրինք….հացադուլավորներ կային, հիշում եմ Ստամբոլցյանին….եկեղեցին չկար, ես դրա մասին չգիտեի, ոչ էլ պահանջում էի…եդ ինչ բան է չգիտեի, ինձ համար դա ու շենքը նույն բանն էր, չնայած չգիտեի, որ պիտի պահանջեի գալը, բայց որ իմանայի, հաստատ չէի պահանջի, հո գիժ չե՞մ, շենքը ու՞ր պիտի գա….հայրս չեկավ հրապարակ, մայրս էլ այդպես էլ տուն չեկավ….

Հայրս թերթ չէր կարդում, ես էլ հազիվ հասցնում էի դասերս սովորել, բայց մեկ է, թերթ կարդացողր չէի, սև ու սպիտակ, գորշ ու անհասկանալի….ես հազիվ «Մոնթեսումայի դուստրն» էի հաղթահարել…մեր գերդաստանը երանության մեջ էր, ես իմ առաջին գիրքն էի կարդացել….մերոնք հպարտությունս թեթև ձեռքով ամոթի վերածեցին….հայրս ու ես թերթ չէինք կարդում, դրա կարիքը չկար էլ…մայրս մեկ-երկու ժամով հայտնվում էր, ճաշն էր եփում, որ տանը հայրս ու ես չապստամբենք…մեր այնթաբցի հարևանուհին միշտ տանն էր ու ճաշն էլ հորս ու ինձ հարազատ բույրով մի տեսակ ծովն էր հիշեցնում…Չքնաղ երկիր իմ Արմենիա…Աթաթուրքի մորն էինք հիշում, հայրս չգիտեմ ոնց, ես կապույտ այտուցներով ծուռոտանի կնճռոտ պառավ էի տեսնում…մեր շահրեզադը օրվա նորություններն էր պատմում ու հորս թուրքական ատելության փաթեթանյութով մատուցում….օրվա թերթերից էլ լավն էր ու շրջահայաց…հայրս այդպես էլ չեկավ հրապարակ…Բենթլի…Բենթլի…ավելի քան 400 ձիաուժ….400 ձի….հրաշք…երամակ…

Քույրս ննջասենյակում քնած էր: Ես ու հայրս տանը Վրեմյան էինք նայում, ինչ-որ բան էր կատարվում, լավ չհասկացանք, Սումգայիթում հայերին ինչ-որ փողոցայիններ են ճնշել….Հիշեցինք Աթաթուրքի մորը…ոնց եմ զզվում կապտայտուցներով ծածկված ոտքերից….մայրս եկավ վերջին նորություններով…նայեցի հորս դեմքին ու հիշեցի…շուտով օրեր անց, լավ չեմ հիշում, հորս որսորդական հրացանը տնից տարան կոմունիստները….տանը հաց չկար, բայց մայրս տանն էր ու բոլորս սքում էինք…հայրս Աթաթուրքին էլ չէր հիշում…բան չէի հասկանում…հետո նորից մայրս օրերով անհետանում էր…Մեր Honjo Masamune-ն տարան…մյուս անգամ ինձ հրապարակում հիշում եմ հորս հետ, Վիկտոր Համբարձումյանը հացադուլ էր հայտարարել…ես շատ էի անհանգստացել, մտածում էի, որ մեռնելու են ու իմ բոլոր երազների քարտեզագիրը էլ չի լինի ինձ հետ, բա ո՞վ պիտի համարակալի իմ երևակայությունը…Վեհափառն էր եկել հրապարակ…հայրս էլ էր այնտեղ…ասեղ գցելու տեղ չկար…հրապարակում մի սիրտ էր բաբախում, բոլորը մեկ էին դարձել ու բռնուցքները վերև էին պարզել…հայրս էլ էր բռունցքը երկինք պարզել…հրացանը տարան, բայց հորս բռունցքը ինձ հանգստացրեց, ամեն բան լավ կլինի…Վեհափառն էլ կոչ էր անում….բայց բան չեմ հիշում…մորս գտանք առաջին շարքերում մի տեղ ու հայրս, ես քրոջս ձեռքը բռնած տեղափոխվեցինք հրապարակ…

Բենթլի…Բենթլի…էլի միտս ընկավ զզվելի կպչուն պոպուլյար երկհնչյուն մեղեդու նման….եդ նատաշա կառալյովային ասենք մի երգ հորինի…. մարտի 8-ին մի խումբ ֆեմինիստներով երթ էինք անում կանանց իրավունքների պաշտպանության համար…անցորդները անհաղորդ, կամ էլ քմծիծաղկոտ հայացքով կամ էլ տարակուսած իջնողներիս էին նայում….գնում եմ ու չգիտեմ 1988-ն է, թե՞ 2013-ը…մի բան այնպես չէ…հայրս էլի չի գալիս հրապարակ… մեզ հետ չի, ժամանակում չի ապրում….մայրս էլ հրապարակում ժամանակից փախուստ է որոնում ու ոնց որ էլի սոված մնանք…ես էլ Աթաթուրքի մորը չեմ հիշում….չեմ կարող, ցանկություն չկա…բայց մի բան այնպես չէ….« Հորդորում ենք նաեւ Տիար Րաֆֆի Հովհաննիսյանին` դադարեցնել հացադուլը եւ ընտրել քաղաքական պայքարի առավել կառուցողական միջոցներ: Եկեղեցին չի արդարացնում հացադուլը, քանզի այն աստվածատուր կյանքին սպառնացող գործողություն է»: Էլի խառնվել եմ, հիմա հաստատ գիտեմ, եկեղեցին շենքը չի, բայց էլի խճճվել եմ, փնտրում եմ եկեղեցին…մի անգամ ոնց որ գտել էի, բայց չգիտեի…Ադամի ու Եվայի նման կորցրի ու հասկացա, բայց մոռացել եմ…փնտրում եմ….հիմա մորս հարցեր տալու փոխարեն մեծացել եմ ու գուգլին եմ դեմքս պարզում….Վիքին ասում է, որ «Եկեղեցի,» նշանակում է, «ժողով, ժողովարան, հավաքատեղի, Քրիստոնեական իմաստով` քրիստոնյաների համախմբում, ժողովում, քրիստոնեական համայնք»։ Ի՞նչ պակաս ժողովատեղի է, որ Ազատության հրապարակը: Պակաս չէ, ոնց որ գտել եմ, բայց մի բան սխալ է, չէ, ամբողջական չէ…հայրս էլի չի գալիս, մայրս էլ շուտով կանհետանա…

Ինձ կներեք, բայց ժամանակ չմնաց…ես գնացի Էջմիածին…ո՞վ գիտի միգուցե Աստված խղճա նզովյալիս ու շնորհ տա, որ գտնեմ քրիստոնեական համայնքը…. դե լավ ես գնացի….սովից մեռա…Բենթլի…Բենթլի…մեղա Աստված…ե՞րբ պիտի ազատվեմ այս մեղքից….

Քրիստոս հարԷավ ի մեռելոց. օրհնԷալ է հարութԷունը Քրիստոսի…ինձ թվում է գտա…քանի դեռ խռովությունների մեջ չեմ կորցրել գրեմ…Սուրբ Պատարագը նոր էր սկսվել ու աչքս ընկավ մի հղի կնոջ վրա: Ինքնաբավ ու ինքնասևեռուն, կլորիկ փորով ժամանակը կուլ տված կանգնել էր: Բոլորից տարբերվում էր, աչքս վրան մնաց….հազիվ զսպում էի ցանկությունս, որ չմոտենամ ու հորս պահանջեմ….բայց դե հորս ժամանակը չկար, արդեն գնացել էր….բոլորս ինչ-որ ձևով, չգիտեմ ոնց, զգացել էինք ժամանակը կուլ տված կնոջ ուժն ու իր շուրջը պատկառելի հեռավորության վրա կանգնած ակնածանքով նայում էինք կամ էլ գլխահակ լսում…

Պարմանի աղջիկները գլխաշորները գլխներին, շպարված ու ժամանակը կուլ տված կնոջը զգույշ շրջանցելով մոտենում էին առաջին շարքին…որոմ էին զատելու…բայց դեռ չգիտեին դրա մասին ու իրենց բաժին հասած դերը խանդավառությամբ կատարում էին: Խորանի մոտ առաջին շարքից այն կողմ ժամանակը չճանաչելու հանդգնությամբ խիզախածները սպասում էին իրենց հերթին….աչքս ընկավ ձեռքերը երկինք պարզած տղամարդու վրա: Դեմքը ալկոհոլի ազդեցությունից տարիների ընթացքում կարմրել ու բոտոքս երազող կնոջ նման շրթերը կախվել էին….դասական գինեմոլ է….հիմա էլ չխմելուց գինին կարոտած շուրթերը ավելի էին այտուցվել, բայց ձեռքերն այնպես էր պարզել ու սպասում հրաշքին, որ ինձ թվաց գտել եմ եկեղեցին…մեկ-մեկ շրջվում էր, կարծես վախենում էր ինչ-որ բան տեսնել, որից միշտ խուսափում է….Բենթլի…Բենթլի…Հայոց աշխարհում ամեն բան նորմալ է…

Առջևումս, առաջին շարքից ինձ բաժանող մի անհասկանալի սարք կար` շորով ծածկած: Պստիկները իսկույն երևակայության հոտն առան ու մեկ էլ անհասկանալի սարքի ոտքերին թռչնակների պես շարվեցին: Հայրը երկու որդիներից կանաչաչյա շիկահերին նստացրեց ուսերին ու անմիջապես սևահերը նոթերը կիտեց…մորն ասաց, որ նայելու բան չկա….ականջները փակեց ու սկսեց ինչ-որ մեղեդի մրմնջալ…«Աստուած բարի աչքով նայեց Աբէլին ու նրա ընծաներին, իսկ Կայէնի ու նրա ընծաների վրայ ուշադրություն չդարձրեց։ Կայէնը շատ տրտմեց, նրա դէմքը մռայլուեց»: Էլ չխաղաղվեց պստիկն ու մինչև վերջ տարբեր հնարքներով ստիպեց ծնողներին շեղվել….գնացին….Հայոց աշխարհում ամեն բան լավ է, ձեռքս տարա, որ Կայենի գլուխը շոյեմ….շոյեցի Աբելի գլուխը…բայց սիրտս ցավեց ու ցնծաց Կայենի համար…Հայոց աշխարհում ամեն բան լավ է….ձախից երգչախումբն է երգում…«Որ գե—րա—գոյն____քան գեր—պաշ—տօ—նէ—ից…» ժամանակի դրոշմը չճաշակած կարմրաթուշ ճեմարանականը ժրաջան ձայնակցում էր երգչախմբին….Թվարկեցին հայոց եկեղեցու սրբերին…մեկիկ-մեկիկ..ահա էս էլ իմ սիրելի Տաթևացին…Բենթլի….Բենթլի….մեջկս հանկարծ սառույց կապեց… քարացա…տարօրինակ գործիքը ծածկած շորի վրա ճանաչեցի անապատի ստվերը….Բենթլի…Բենթլի….200000 դոլար…այդքան գումար ունենայի մի նորակառույցում լավ բնակարան կգնեի….«Դու նրա միակ հույսն ես,» շշնջաց ….թվարկում էին սրբերին….«Միակ հույսն ես, առանց քեզ պատմության էջերում հաստատ գիտի, որ տեղ չի գտնի»: Աչքս ընկավ գինեմոլի վրա….էլի հետ-հետ էր նայում….Թվարկում էին սրբերին…աչքս ընկավ կարմրաթուշ ճեմարանականի վրա: Ափսոս անունը չգիտեի, չնայած իմանալը բան չէր ավելացնի….մյուս թվարկման ժամանակ ես այլևս ներկա չէի լինի:

Սոված եմ, բայց շատ բան ունեմ պատմելու, եթե հասցնեմ…ժամանակը կուլ տված կինը գնացել էր….Կայենն ու Աբելը տարալուծվեցին ու չքացան…Հայոց աշխարհը շարժման մեջ դեռ երկար կմնա…հիմա տարօրինակ սարքի ոտքերին մի աղջիկ ու երկու տղա էին նստած…աչքի տակով նայեց ու աննկատ մոտեցավ տղաներին, հպվեց ու սևեռուն նայեց, հետո էլ մատը տարավ ու շատ նուրբ դիպավ ականջին…ոչինչ… նորից….այս անգամ ձեռքով քաշեց ականջը…կանգնածներս մի պահ ամեն բան թողած կլանված հետևում էինք այդ մանկական զուգախաղին…Տղայի հայրը ժամանակով անցած իր փորձառությամբ տղային մշտեց, որ ուշքի գա….չնահանջեց…Պստիկ Հերմինեն գնաց ու անկյունում ծվարած ծերունու ականջը սկսեց քաշել…ծերուկն էլ ժամանակը արդեն կորցրածի մանկամտությամբ խաղի բռնեց պստիկի հետ…Բենթլի, Բենթլի….400 ձիաուժ….ձի….երամակ….

Հաղորդություն ստացա ու մի հատ էլ դիտողություն, որ գլուխս չեմ ծածկել…ու ոնց ասեմ, որ ոչ ժամանակ եմ կուլ տվել, ոչ էլ մտադրություն ունեմ, ինչու՞ ծածկեմ….ճամփին առաջին շարքում եկեղեցու մշտական հաճախող պառավներից մեկը նայեց ու «եկեղեցում Աստծու գառ են, հեչ ով կասի՞»…սիրտս ցատկեց…իսկապես, ո՞վ կասի….հիշեցի հորս ու իմ Աթաթուրքի մորը հիշելու սովորությունը…հուսամ պառավի ոտքերը կապտածածկ չեն…ու ո՞վ կասի….ոչ մի խռովություն….ինձ թվաց գտա եկեղեցին, նորից գտա….

մարտի 8-ին մի խումբ ֆեմինիստներով երթ էինք անում կանանց իրավունքների պաշտպանության համար…անցորդները անհաղորդ, կամ էլ քմծիծաղկոտ հայացքով կամ էլ տարակուսած իջնողներիս էին նայում….գնում եմ ու չգիտեմ …հիշեցի…բոլորի հայացքներում հարց ու պատասխանի ակնկալիք կար, ես էլ պատրաստ էի թքել ժամանակի վրա ու մի ամբողջ հավերժություն իմացածիս չափ խոսել ու լսել բոլոր աչքերին…ոնց եմ սիրում էդ աչքերը…

հայրս էլի չի գալիս հրապարակ… ժամանակը կուլ տված կնոջը որտե՞ղից գտնեմ…չգիտեմ…երևի ես կուլ տամ ու հորս ձեռքը բռնած գնամ հրապարակ մորս հետևից…

գնացի, սովից մեռնում եմ…

Leave a comment